Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու չաշխատեց «Ելքի» 15000 դրամը

Ինչու չաշխատեց  «Ելքի» 15000 դրամը
16.05.2017 | 07:34

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների վրա ազդել է ընտրակաշառքը: «Եթե հիմա մենք հետընտրական պրոցես սկսենք, այդ ընտրակաշառք վերցրած քաղաքացին գալո՞ւ է Ազատության հրապարակ: Եթե իրեն 10 հազար դրամով տարել են ընտրական տեղամաս, 10 հազար դրամով էլ հետ կտանեն իրենց տուն: Կամ էն քաղաքացին, որը չի գնացել ընտրության, գալո՞ւ ա հրապարակ: Եթե հետընտրական պրոցես էր ուզում, թող գար քվեարկեր, չէր լինի հետընտրական, կլիներ ընտրական պրոցես, իր ուզած փոփոխությունը կլիներ, այսօրվա ասուլիսն էլ քաղաքապետարանում կլիներ»,- հայտարարել է Փաշինյանը: Փաստորեն, «Ելքի» առաջնորդն անուղղակի ընդունել է նաև, որ ընտրություններից մեկ շաբաթ առաջ արված իրենց հայտարարությունը ընտրակաշառք վերցնող ընտրողի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունից առաջ «Ելքը» ընտրակաշառք վերցնող մարդկանց առաջարկում էր ՀՀԿ-ից չվերցնել այն, ընտրությունից հետո, քաղաքապետարանի բյուջեի հաշվին, որպես սոցիալական աջակցություն նրանց 15000 դրամ կտան:


Փաստորեն, մարդիկ ոչ թե «ապառիկ» ընտրակաշառքին են վստահել, այլ «նաղդին», ոչինչ, որ հինգ հազար դրամով պակաս կլինի: Այսինքն, «Ելքի» նախընտրական այս հնարքը ձախողվեց, մարդիկ չվստահեցին այդ խոստմանը, հասկացան, որ ընտրակաշառքը նման մեխանիզմներով չեն վերացնում: Ի վերջո, ընտրակաշառք վերցնող մարդկանց համար ի՞նչ տարբերություն` ՀՀԿ-ի՞ց է կաշառք վերցնում, թե՞ «Ելքից»: Գործող իշխանությունից վերցնելը գուցե առավել «ընդունելի» է մարդկանց համար` «Մեզնից վերցրածը մեզ են վերադարձնում» տրամաբանությամբ:
Իսկ եթե ավելի լուրջ, «Ելքը» պետք է ոչ թե մեղադրեր մարդկանց, թե ընտրակաշառք են վերցրել ու քվեարկել, այլ բացատրեր, այդ ինչպե՞ս ստացվեց, որ քաղաքացիները հրաժարվեցին իրենց «սոցիալական աջակցությունից» ու նախընտրեցին ՀՀԿ-ի ընտրակաշառքը: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրակաշառքի հարցում էլ ավելի շատ վստահեցին իշխանությանը, քան ընդդիմությանը:


Առավել ուշագրավ է հետընտրական գործընթացներ չսկսելու մեկ այլ հիմնավորում: «Էսօր Հայաստանում քանի՞ մարդ կա, որը մերժում է ընտրակաշառքը: Հետընտրական պրոցես անենք, որ ի՞նչ, որ էդ մարդկանց ևս 10 հազար դրամ աշխատելու առիթ տա՞նք: Մենք ավելի շատ մտածում ենք մեր օգտին Հայաստանում քվեարկած 120 հազար և Երևանում քվեարկած 70 հազար քաղաքացիների մտածողության կերպն ուժեղացնելու մասին, մենք քաղաքական դաշտում փուստ կրակոցների իրավունք չունենք: Ես ինքս չեմ պատրաստվում ՀՀ քաղաքացիներին էքսկուրսիայի հանել Երևանի Փոքր կենտրոնով»,- ասել է Փաշինյանը:

Ընդդիմադիր գործիչը այս կերպ նաև մեղադրում է այն քաղաքական ուժերին, որոնք փողոցային պայքարի կոչեր են հնչեցնում և Երևանի փոքր կենտրոնով քաղաքացիներին էքսկուրսիայի հանում: Սա, փաստորեն, ըստ «Ելքի»` «փուստ կրակոց» է: Փաշինյանի այս խոսքում նաև ընտրակաշառքի մեկ այլ մեխանիզմի մասին ակնարկ կա. «Հետընտրական պրոցես անենք, որ ի՞նչ, որ էդ մարդկանց ևս 10 հազար դրամ աշխատելու առիթ տա՞նք»: Ասել է` հետընտրական գործընթացներում և՞ս մարդկանց կաշառում են:


Այսուհանդերձ, «Ելքը» խոսում է ընտրակաշառքից, հետընտրական գործողությունների չհիմնավորված լինելուց, հանրային հուսահատությունից, սակայն չի տալիս այդ ամենը վերացնելու դեղատոմսը: Հակառակը, վերցնում է և՛ խորհրդարանի, և՛ Երևանի ավագանու մանդատները` փաստելով, որ ընդունում է իշխանության սահմանած խաղի կանոնները, ընտրությունների արդյունքներն ու հաշտվում առկա իրողությունների հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ